ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության 40-րդ Գլխավոր համաժողով

AddThis Social Bookmark Button

2012թ.-ի  նոյեմբերի 6-ից 10-ը Ռիո դե Ժանեյրոյի ԻՄԲԵԿ համալսարանում ՄԱԿ-ի Բրազիլիայի ասոցիացիայի հյուրընկալությամբ կայացել է ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության “Արագացնելով առաջընթացը` մինչև 2015 և դրանից հետո”  խորագրով 40-րդ պլենար նստաշրջանը, որին ի թիվս այլ երկրների պատվիրակների մասնակցել է նաև ՄԱԿ ՀԱ նախագահ Ա.Պոդոսյանը: Պլենար նստաշրջանին հաջորդել է զարգացման ռազմավարությունը և կարողություններիների զարգացմանն ուղղված դասընթացը:

ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության քարտուղարության կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքների կազմակերպչական հմտություններին, միջոցների ներգրավման և առցանց հաղորդակցության մեթոդներին: Դասընթացին զուգահեռ տեղի է ունեցել փորձի փոխանակում ՄԱԿ-ի ասոցիացիաների ներկայացուցիչների միջև` համագործակցություն հաստատելով տարբեր երկրներում գործող ՄԱԿ-ի ասոցիացիաների հետ:

Կարողությունների զարգացման դասընթացին որպես բանախոս հանդես է եկել ՄԱԿ ՀԱ նախագահ Արմինե Պոդոսյանը, ում ելույթը նվիրված է եղել ՄԱԿ-ի հետ հարաբերությունների բարելավմանը, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ներկայացուցիչների հետ համագործակցության նրբություններին: Մասնակիցներին տեղեկատվություն է տրամադրվել նաև ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գործունեության վերաբերյալ: Այնուհետև տեղի են ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի և Աֆրիկայի  տարածաշրջանների ՄԱԿ-ի ասոցիացիաների պատվիրակների հանդիպումները և համաշխարհային դաշնության Գործադիր կոմիտեի 204-րդ նիստը:

ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության պլենար նստաշրջանի բացմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության նախագահ, դեսպան Պարկ Սու Գիլը: Նստաշրջանի մասնակիցներին տեսահաղորդագրության միջոցով ողջույնի ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն, անդրադառնալով 5 կետից բաղկացած գործողությունների պլանին, շնորհակալություն է հայտնել ներկաներին ՄԱԿ-ի կարևորագույն դաշնակիցներից մեկը լինելու և ՄԱԿ-ի գաղափարներն ամբողջ աշխարհում քարոզելու համար: Նստաշրջանին համաշխարհային դաշնության Գլխավոր քարտուղար Բոնիան Գոլմոհամմադիի կողմից հակիրճ ներկայացվել է 2009-2011թթ.-ի ընթացքում իրականացված ծրագրերն ու դաշնության գործունեության առանցքային ոլորտները:

Նստաշրջանի աշխատանքներն ընթացել են 3 հիմնական ուղղություններով: Խաղաղություն և անվտանգություն ենթախմբում աշխատել են Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Շվեդիայի, Դանիայի և Ավստրալիայի, իսկ Համաչափ զարգացման ենթախմբում` Կանադայի, Սուրինամի, Չինաստանի և Ռուսաստանի ՄԱԿ-ի ասոցիացիաները: Մարդու իրավունքներ ենթախմբում ընդգրկված են եղել Վրաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Վենեսուելայի ՄԱԿ-ի ասոցիացիաների պատվիրակները: Այս ենթախմբում բացման խոսքով հանդես է եկել  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը:

Պլենար նստաշրջանի երկրորդ օրն ավարտվել է  հռչակագրի նախագծման և կազմակերպչական խնդիրների քննարկմամբ: Տեղի է ունեցել ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության ղեկավար կազմի ընտրությունը: Վերջինիս արդյունքում ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվել է Պարկ Սու Գիլը,  գլխավոր քարտուղարի պաշտոնում` Բոնիան Գոլմոհամմադը, իսկ  գանձապահի գործառույթները ստանձնել է Սան Շդիպ Բհուտորիան: Կառույցի փոխնախագահների կազմի նորանշանակ անդամներն են` փոխնախագահ Ջանեթ Էդնա Նյամեն (Գանայի ՄԱԿ-ի ասոցիացիա), դեսպան Չանգ բեոմ Չոն  (Կորեայի Հանրապետության ՄԱԿ-ի ասոցիացիա) և  Աքսել Ուեստենհագենը (Ավստրայի ՄԱԿ-ի ասոցիացիա):

Պլենար նստաշրջանը եզրափակվել է հռչակագրի ընդունումով  և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությամբ: ՄԱԿ ՀԱ նախագահ Արմինե Պոդոսյանն ընտրվել է ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության գործադիր կոմիտեի անդամ:




© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com