AddThis Social Bookmark Button

ԻՆՉ է ՄԱԿ-ի ՄՈԴԵԼԸ

ԻՆՉ է ՄԱԿ-ի ՄՈԴԵԼԸ

   
ՄԱԿ-ի մոդելը
ՄԱԿ-ի համակարգում ընդգրկված մարմինների աշխատանքի նմանակումն է: Մասնակիցները ստանձնում են ՄԱԿ-ի անդամ երկրների դիվանագետների դերերը և քննարկում ՄԱԿ-ի օրակարգում առկա հիմնախնդիրները: Բանակցությունների ճանապարհով և դիվանագիտության սկզբունքների վրա հիմնված` խորհրդաժողովի մասնակիցները փնտրում են համաշխարհային խնդիրների լուծման ճանապարհներ, որոնք ծառացել են միջազգային հանրության առջև:
ՄԱԿ-ի մոդելավորումը տարեցտարի ավելի հանրաճանաչ է դառնում: Ամեն տարի ամբողջ աշխարհում անց է կացվում շուրջ 400 ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով, որին մասնակցում է ավելի քան 400 000 երիտասարդ:
ՄԱԿ-ի մոդելավորման նպատակն է նպաստել երիտասարդների` միջազգային հարաբերություններում բանակցային գործընթացի մասին նոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերմանը: Շնորհիվ այս խորհրդաժողովի, ամբողջ աշխարհում, մասնակիցները ծանոթանում են ՄԱԿ-ի գործունեությանը, տարբեր երկրների առջև ծառացած խնդիրներին, ինչպես նաև միջազգային հարաբերությունների բարդ գործընթացին:


ՄԱԿ-ի ՄՈԴԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ


Պատմական, քաղաքական, տնտեսական գիտելիքների շտեմարան, դիվանագիտական հմտությունների և էթիկայի մի ամբողջ համալիր, առաջնորդական ու բանակցային ունակությունների դրսևորման հնարավորություն` համեմված հաճելի շփումներով ու նոր ծանոթություններով... Խաղում ենք ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողով:

ՄԱԿ-ի մոդելը ճանապարհ է, որն անցնելիս  մասնակից ամեն մի երիտասարդ  զինվում է հարուստ տեղեկատվությամբ, բացահայտում մոլորակը մտահոգող խնդիրներն ու փորձում լուծումներ առաջարկել: Սկզբում ողջույնի խոսք, հետո սեփական երկրի դիրքորոշման ձևակերպում ու երկարատև քննարկումներ: Խաղի ավարտին էլ ընդունվում է  բանաձև, որը դեղատոմս է այս կամ այն հարցի լուծման և մոլորակի ապաքինման համար:  

ՄԱԿ-ի մոդել խաղում են ողջ աշխարհում`  արևելքից արևմուտք: 1992-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ, Հայաստանը ևս բռնեց ՄԱԿ-ի արժեքների տարածման ուղին` հանրությանը ներկայացնելով այն, ինչն աշխարհի շատ երկրների համար ուղեցույց է: Կանոնադրությամբ ամրագրված նորմերի տարածումը հայ երիտասարդների շրջանում դարձավ ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն և այստեղ է, որ ևս մեկ անգամ ընդգծվում է ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողովի առանձնահատկությունը. չէ՞ որ այն ՄԱԿ-ի տարբեր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու,  կառուցվածքին ծանոթանալու և շատ կարևոր հարցեր քննարկելու ամենակարճ ու բովանդակալից տարբերակն է: Ավելին, դպրոց, որը ճակատագրական նշանակություն է ունենում շատերի համար` նրանց վարակելով  կրկին ու կրկին մոդելին մասնակցելու ցանկությամբ:

ՄԱԿ-ի մոդելը բազմաթիվ հայ երիտասարդների ամենանախընտրելի երիտասարդական միջոցառումներից է և տարեկան շուրջ 200 հայ երիտասարդ մասնակցում է ՄԱԿ-ի մոդելավորմանը:

Մոդելի միջոցով ՄԱԿ-ը հայ երիտասարդներին հասանելի դարձնելու գործում իր ուրույն դերն է ունեցել նշանավոր հասարակական գործիչ Կարեն Ասատրյանը: 2005-ից ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Կարեն Ասատրյանի գլխավորությամբ մոդելներ է կազմակերպել Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում` բազմաթիվ երիտասարդների մասնակից դարձնելով այն ամենին, ինչը կատարվում է աշխարհում:

Խորհրդաժողովների կազմակերպմանն աջակցել են ՄԱԿ-ի Հաղորդակցության խումբը, ՄԱԿ ՀՏՎ-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Շվեդական ասոցիացիան:
ՄԱԿ-ի մոդելը ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կարևորագույն երիտասարդական ծրագրերից է:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան ունի ավելի քան 20 ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների մասնակցության և կազմակերպման հարուստ փորձ: Վերջին երեք տարիներին խորհրդաժողովներին ներգրավվել են ավելի քան 1000 երիտասարդներ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում:

Վստահ ենք, որ ձեզնից շատերը վաղվա  քաղաքական առաջնորդներն ու լուրջ որոշում կայացնողներն են, այնպես որ  մի՛ հապաղեք,  ծանոթացեք խաղ-խորհրդաժողովի բոլոր մանրամասներին և սկսեք դեպի ապագա ձեր ճանապարհը մեզ հետ` ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի արահետով:

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com