ՄԱԿ-ի առաջին Գլոբալ մոդել

AddThis Social Bookmark Button
 

ՄԱԿ-ի առաջին Գլոբալ մոդել

ՄԱԿ-ի Նյու-Յորքյան գրասենյակի և ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության նախաձեռնությամբ 2009թ. օգոստոսի 5-7-ը ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի առաջին Գլոբալ մոդել-խորհրդաժողովը, որը կրում էր “Հազարամյակի զարգացման նպատակներ-Հաղթահարենք աղքատությունը” խորագիրը:

ՄԱԿ-ի անդամ շուրջ 60 երկրներից ժամանած լավագույն 700 պատվիրակների թվում էր նաև ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի պատվիրակությունը, որի կազմում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և հայ-ռուսական սլավոնական համալսարանի ինը ուսանողներ:


Խորհրդաժողովի նպատակն էր ծառայել որպես ՄԱԿ-ի մոդելի լավագույն փորձի փոխանակման կամուրջ` քաջալերելով առաջնորդների հաջորդ սերունդներին մասնակցել ազգային և գլոբալ հիմնահարցների լուծմանն ու բարձրաձայնել կարգավորման սեփական մեխանիզմները:

Մասնակիցների համար ՄԱԿ-ի Նյու Յորքյան գրասենյակը նախաձեռնել էր հատուկ օն-լայն դասընթացներ և տեսա-կոնֆերանսներ, որոնք վարում էին ՄԱԿ-ի Նյու Յորքյան և Ժնևյան  գլխամասերի պաշտոնյաները:


Խորհրդաժողովի բացման նախօրյակին հայաստանյան պատվիրակությանն ընդունել է Շվեյցարիայում ՀՀ հյուպատոս Գագիկ Հովհաննիսյանը, ում շնորհիվ հայաստանյան պատվիրակությունը ծանոթացել է ՀՀ հյուպատոսության աշխատանքներին, հայ համայնքի հետ ու նաև քննարկել խորհրդաժողովի հարցերը:


Խորհրդաժողովի բացումը

Խորհրդաժողովի բացումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի Գլխավոր ասամբլեայի դահլիճում:  Մասնակիցներին բացման ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Բացմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


Կոմիտեներում աշխատանքը
Ժնևում նմանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Խորհրդաժողովի մասնակիցները երեք օր աշխատել, բանավիճել և համապատասխան բանաձևեր են ընդունել  հետևյալ կոմիտեներում`

- Զինաթափում և միջազգային անվտանգություն
- Տնտեսական ճգնաժամ և կլիմայի փոփոխություն,
- Մարդու իրավունքներ և Բնապահպանություն,
- UNRWA's գործունեության գնահատումը Մերձավոր Արևելքում ՀԶՆ-ների իրականցման հարցում:

Երեք օր տևած բանակցությունների արդյունքում յուրաքանչյուր կոմիտե ընդունել է վերոնշյալ հարցերի շուրջ բանաձևեր, որոնք ամբողջացել են մեկ ընդհանուր Հռչակագրում:


Խորհրդաժողովի փակումը
Խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփվել են Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում, որի ընթացքում ընթերցվել է Հռչակագրի նախագիծը: Երիտասարդ պատվիրակները միաձայն ընդունելով այն` կոչ են արել տարբեր երկրներին հետևել իրենց օրինակին ու հասնել համաձայնության` ՀԶՆ-ների առավել արդյունավետ իրագործման համար: Խորհրդաժողովի փակումը նշանավորվել է վկայականների հանձնման արարողությամբ:

Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը
Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը “ՄԱԿ-ի Գլոբալ մոդելին” ունեցել է մեծ կարևորություն:
- Երիտասարդները մանրամասն ծանոթացել են ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայանի աշխատանքներին, տարբեր գործակալություններին ու մարմիններին, ինչը մասնագիտական մեծ ձեռքբերում էր նրանց համար:
- Բանակցությունների և քննարկումների արդյունքում ամրապնդել ու հարստացրել են իրենց դիվանագիտական հմտություններն ու ոլորտի վերաբերյալ գիտելիքները:


Հայկական պատվիրակության մասնակցությանը մեծապես աջակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան:





ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 3-րդ ՄԱԿ-ի մոդել

Գործընկերներ` ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնություն, Կորեայի Հանրապետության արտգործնախարարություն, Կորեայի Հանրապետության ՄԱԿ-ի ասոցիացիա, ք. Ինչեոն, "Էվհա Կանանց համալսարան"

ՄԱԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 20 երկրների շուրջ 300 ուսանողներ հուլիսի 21-25-ը հանդիպեցին Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքում ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 3-րդ ՄԱԿ-ի մոդելի շրջանակներում:

Խորհրդաժողովի թեման էր "Իրագործենք Հազարամյակի զարգացման նպատակները մինչև 2015թ.` Պրոակտիվ մոտեցումներ Ավանդական իմաստությունից այն կողմ":

Լիագումար նիստում և երեք կոմիտեներում Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղիները դիտարկելիս պատվիրակները քննարկեցին կլիմայական փոփոխության վտանգներից ապագան պաշտպանելու նպատակով էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, մասնավորապես աղքատ շրջաններում բնական աղետների ռիսկերի նվազեցման, գիտելիքահենք տնտեսության առաջխաղացման և մարդկային թրաֆիքինգի կանխարգելման նպատակով տարածաշրջանային համագործակցության մասին:

Պատվիրակները միաձայն ընդունեցին մի քանի բանաձևեր և Ինչեոնի հռչակագիրը, որը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր սեկտորին աջակցել Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Բրիտանական դեսպանատան Միջազգային զարգացման վարչության աջակցությամբ առաջին անգամ էր մասնակցում ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 3-րդ ՄԱԿ-ի մոդելին: Հայկական պատվիրակությունը մեծ հաջողությամբ մասնակցեց և ջերմորեն ընդունվեց խորհրդաժողովի բոլոր մասնակիցների կողմից:

Հայկական պատվիրակությանը հաջողվեց նոր կապեր ստեղծել, որն օգնեց ՄԱԿ-ի տարբեր ասոցիացիաների հետ հետագա համագործակցության հող նախապատրաստելուն:

ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 3-րդ ՄԱԿ-ի մոդելի պաշտոնական բացման արարողության ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Խորհրդաժողովին ներկա  ուսանողներին կոչ արեց ՀԶՆ-ների վերաբերյալ մինչև 2015թ. Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործնական մոտեցումներ փնտրել: Բան Կի-Մունի տեսաուղերձը խրախուսեց ուսանողներին "ավելի լավ հասկանալ մեր Միավորված ազգերի կազմակերպությունը – ինչ է այն, ինչ է այն անում և ինչ կարող է անել":

Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ` ներառյալ Ինչեոնի քաղաքապետը, փոխնախարար Ահն Սանգ-սուն, դեսպան Օհ Ջունը, ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Գլխավոր քարտուղար Փերա Ուելսը և ՄԱԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախկին Գործադիր քարտուղար Կիմ Հակ-սուն:

Անշուշտ, Խորհրդաժողովը հոյակապ գործիք հանդիսացավ ՄԱԿ-ի մոդելի արժեքը Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարածելու համար, իր հերթին հայկական պատվիրակությունն անում է հնարավոր ամեն ինչ այդ արժեքները տարածելու համար:

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com