Ազգային մակարդակ

AddThis Social Bookmark Button


2-րդ Հայկական հանրապետական ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով - 2008թ.

ՄԱԿ ՀԱ-ն ՄԱԿ ՀՏՎ-ի աջակցությամբ և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Շվեդիայի ՄԱԿ-ի ասոցիացիայի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության բարձր հովանու ներքո կազմակերպեց 2-րդ Հայկական հանրապետական ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը:

Շուրջ 45 ուսանողներ Երևանից և Հայաստանի ութ մարզերից մասնակցեցին այս խորհրդաժողովին, որը տեղի ունեցավ 2008թ. նոյեմբերի 12-16-ը Ծաղկաձորում: Առաջին Հայկական հանրապետական ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը կայացել է 2007թ. Երևանում, և այդուհետ ամենամյա հանրապետական ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների կազմակերպումը դարձավ ավանդույթ:
Խորհրդաժողովի հիմնական նպատակն է տարածել ՄԱԿ-ի արժեքները, սկզբունքները հայ երիտասարդության շրջանում, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում ստեղծել առաջնորդական ունակություններով օժտված երիտասարդական ցանց:

Խորհրդաժողովը ՄԱԿ-ի Ասիա Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նմանակումն էր, որը կրում էր "Իրագործենք Հազարամյակի զարգացման նպատակները. Աշխարհը փոխելու ութ ուղի" խորագիրը:

Քննարկումները ներառում էին հետևյալ թեմաները`
Լիագումար նիստ` Կլիմայական փոփոխություններ` "Ապագայի երաշխիքներ ընդդեմ կլիմայական փոփոխությունների սպառնալիքի. այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայթայթում"
Կոմիտե 1` Մարդու իրավունքներ` "Համագործակցություն հանուն մանկամահացության կրճատման և մայրական առողջության բարելավման"
Կոմիտե 2` Գլոբալիզացիայի կառավարում` "Առաջխաղացում դեպի գիտելիքահեն տնտեսություն. մարտահրավերներ և հնարավորություններ":

Խորհրդաժողովի մասնակիցներին իր հատուկ ուղերձն էր հղել ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության նախագահ Հանս Բլիքսը.

... Ես հաճույքով իմ ջերմագին բարեմաղթանքն եմ հղում Ձեզ 2-րդ Հայկական հանրապետական ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի կապակցությամբ: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիային "Հազարամյակի զարգացման նպատակներ. Աշխարհը փոխելու ութ ուղի" թեմայով այս Խորհրդաժողովը ճիշտ ժամանակին կազմակերպելու համար:
Որպես առաջնորդներ և փոփոխության գործակալներ, դուք կարող եք ձեր մեծ դերակատարումն ունենալ ձեր համայնքները ձևավորելու գործում, վստահեցնելու, որ համաշխարհային ջանքերն` ուղղված ՀԶՆ-ների իրագործմանը, ՄԱԿ-ի ամբողջական զարգացման օրակարգի հետ մեկտեղ, կարող են արդյունավետորեն նպաստել աղքատության, սովի և հիվանդությունների նվազեցմանը, որոնք այսօր սպառնում են աշխարհի 1 միլիարդից ավել բնակչությանը:

Յուրաքանչյուր առավոտյան նախքան ՄԱԿ-ի մոդելի բանավեճերը պատվիրակների համար կազմակերպվում էին շուրջ 1 ժամ տևողությամբ դասախոսություններ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների փորձագետների կողմից:
Դասախոսություններով հանդես եկան ՄԱԶԾ էներգիայի արդյունավետության և մթնոլորտի պաշտպանության տարեկան աշխատանքային պլանի ղեկավար տկն. Դիանա Հարությունյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Առողջապահություն և սնուցում ծրագրի ներկայացուցիչ պրն. Միհրան Հակոբյանը և ՄԱԿ-ի ՀԶՆ 2008թ. Առաջընթացի զեկույցի փորձագետ պրն. Լևոն Բարխուդարյանը:

Եռօրյա ինտենսիվ բանավեճերից հետո պատվիրակները միաձայն ընդունեցին մի քանի բանաձև և Ծաղկաձորյան Հռչակագիրը` նպատակ ունենալով բևեռել միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի ուշադրությունը Հազարամյակի զարգացման նպատակների իրագործման վրա:

Պարգևների արժանացան Նարե Վարդանյանը` որպես լավագույն պատվիրակ, և Սոնա Մամյանը` որպես լավագույն մշակութային ներկայացման հեղինակ:
Արամ Ոսկանյանը ճանաչվեց Խորհրդաժողովի լավագույն առաջնորդ և պարգևատրվեց Կարեն Ասատրյանի անվան հատուկ մրցանակով:
Բոլոր մասնակիցները ստացան խորհրդաժողովին հաջող մասնակցության վկայականներ և ՄԱԿ ՀԱ-ի կողմից հրատարակված ՄԱԿ-ի մոդել երկլեզու գիրքը:

ՄԱԿ ՀԱ նախագահ Արմինե Պոդոսյանը հայտարարեց, որ լավագույն պատվիրակները հնարավորություն կստանան մասնակցել 2009թ. Օգոստոսի 5-7-ը Ժնևում կայանալիք առաջին Գլոբալ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին:

1-ին Հայկական հանրապետական ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով - 2007թ.

ՄԱԿ ՀԱ-ն մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդական ծրագրերին, հատկապես ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների կազմակերպմանը:
2005թ. ՀՀ մարզերում և տարբեր համալսարաններում կազմակերպված ՄԱԿ-ի մոդելների շարքը հասավ տրամաբանական զարգացման հաջորդ փուլին:

ՄԱԿ ՀԱ հիմնադիր նախագահ Կարեն Ասատրյանի գործուն նախաձեռնությամբ, ՄԱԿ ՀԱ-ն ՄԱԿ-ի Հաղորդակցության խմբի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպեց 1-ին Հայկական հանրապետական ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության բարձր հովանու ներքո, որի համար ստացվել էր նախագահ Հանս Բլիքսի` խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված հատուկ ուղերձը:

18-25տ. շուրջ 60 համալսարանական ուսանողներ ՀՀ մարզերից և Երևանից մասնակցեցին Խորհրդաժողովին, որը տեղի ունեցավ 2007թ. դեկտեմբերի 10-ին Երևանի պետական համալսարանում:

Առաջին անգամ Հայաստանում նմանակվեց Մարդու իրավունքների խորհուրդը, որի օրակարգում Մահապատժի հիմնահարցն էր: Խորհրդաժողովը նվիրված էր Մարդու իրավունքների տասնամյակին:

Խորհրդաժողովին նախորդեցին երեք դասընթացների կազմակերպումը, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՄԱԿ-ի արժեքները, սկզբունքները, ծրագրերը, ինչպես նաև նրանք ստացան դիվանագիտական հմտություններ:

Մասնակիցների համար կազմակերպվեց հանդիպում ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ցուցադրվեց ՄԱԿ-ի մոդելի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մասին ֆիլմեր:

Խորհրդաժողովի պաշտոնական բացմանը ներկա էին ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ պրն. Վալերի Տկաչուկը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ պրն. Գարիկ Հայրապետյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների բաժնի պետ տկն. Ձյունիկ Աղաջանյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար պրն. Արթուր Պողոսյանը, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր պրն. Արսեն Քարամյանը և ՄԱԿ ՀԱ նախագահ պրն. Կարեն Ասատրյանը:

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com