ՄԱԿ-ի մոդել

AddThis Social Bookmark Button

ՄԱԿ-ի ՄՈԴԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ


Պատմական, քաղաքական, տնտեսական գիտելիքների շտեմարան, դիվանագիտական հմտությունների և էթիկայի մի ամբողջ համալիր, առաջնորդական ու բանակցային ունակությունների դրսևորման հնարավորություն` համեմված հաճելի շփումներով ու նոր ծանոթություններով... Խաղում ենք ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողով:

ՄԱԿ-ի մոդելը ճանապարհ է, որն անցնելիս  մասնակից ամեն մի երիտասարդ  զինվում է հարուստ տեղեկատվությամբ, բացահայտում մոլորակը մտահոգող խնդիրներն ու փորձում լուծումներ առաջարկել: Սկզբում ողջույնի խոսք, հետո սեփական երկրի դիրքորոշման ձևակերպում ու երկարատև քննարկումներ: Խաղի ավարտին էլ ընդունվում է  բանաձև, որը դեղատոմս է այս կամ այն հարցի լուծման և մոլորակի ապաքինման համար:   

ՄԱԿ-ի մոդել խաղում են ողջ աշխարհում` արևելքից արևմուտք: 1992-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ, Հայաստանը ևս բռնեց ՄԱԿ-ի արժեքների տարածման ուղին` հանրությանը ներկայացնելով այն, ինչն աշխարհի շատ երկրների համար ուղեցույց է: Կանոնադրությամբ ամրագրված նորմերի տարածումը հայ երիտասարդների շրջանում դարձավ ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն և այստեղ է, որ ևս մեկ անգամ ընդգծվում է ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողովի առանձնահատկությունը. չէ՞ որ այն ՄԱԿ-ի տարբեր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու,  կառուցվածքին ծանոթանալու և շատ կարևոր հարցեր քննարկելու ամենակարճ ու բովանդակալից տարբերակն է: Ավելին, դպրոց, որը ճակատագրական նշանակություն է ունենում շատերի համար` նրանց վարակելով  կրկին ու կրկին մոդելին մասնակցելու ցանկությամբ:

ՄԱԿ-ի մոդելը բազմաթիվ հայ երիտասարդների ամենանախընտրելի երիտասարդական միջոցառումներից է և տարեկան շուրջ 200 հայ երիտասարդ մասնակցում է ՄԱԿ-ի մոդելավորմանը:

Մոդելի միջոցով ՄԱԿ-ը հայ երիտասարդներին հասանելի դարձնելու գործում իր ուրույն դերն է ունեցել նշանավոր հասարակական գործիչ Կարեն Ասատրյանը: 2005-ից ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Կարեն Ասատրյանի գլխավորությամբ մոդելներ է կազմակերպել Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում` բազմաթիվ երիտասարդների մասնակից դարձնելով այն ամենին, ինչը կատարվում է աշխարհում:

Խորհրդաժողովների կազմակերպմանն աջակցել են ՄԱԿ-ի Հաղորդակցության խումբը, ՄԱԿ ՀՏՎ-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Շվեդական ասոցիացիան:
ՄԱԿ-ի մոդելը ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կարևորագույն երիտասարդական ծրագրերից է:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան ունի ավելի քան 20 ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների մասնակցության և կազմակերպման հարուստ փորձ: Վերջին երեք տարիներին խորհրդաժողովներին ներգրավվել են ավելի քան 1000 երիտասարդներ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում:

Վստահ ենք, որ ձեզնից շատերը վաղվա քաղաքական առաջնորդներն ու լուրջ որոշում կայացնողներն են, այնպես որ մի՛ հապաղեք, ծանոթացեք խաղ-խորհրդաժողովի բոլոր մանրամասներին և սկսեք դեպի ապագա ձեր ճանապարհը մեզ հետ` ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի արահետով:
© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com